Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ուղերձում ասված է. «Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց:
Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում, և ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը ի շահ մեր երկրների ժողովուրդների»:
«Ցավով տեղեկացա կորոնավիրուսային վարակի Ձեր թեստի դրական արդյունքի մասին: Վստահ եմ, որ շատ մոտ ապագայում Դուք կվերադառնաք առօրյա ակտիվ աշխատանքային ռեժիմին և նախանշված ծրագրերի իրականացմանը:
Հարգելի Նուրսուլթան Աբիշի, սրտանց մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում», - նաև նշված է ուղերձում:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը հեռախոսզրույցի ընթացքում նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևը մեծ վաստակ ունի Ղազախստանի զարգացման, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում:
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ղազախստանի առաջին նախագահի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության մեջ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք: