Փարիզը կոչ է անում հստակեցնել հարաբերություններն Անկարայի հետ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան իվ Դրիանը, արխիվ

Ֆրանսիան պահանջում է Եվրամիությունում քննարկումներ սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ:

«Մեր համոզմամբ, ծայրահեղ կարևոր է, որ Եվրամիությունը շատ արագ անցնի բովանդակային քննարկումների՝ առանց տաբուների և ապագա հարաբերությունների շուրջ միամիտ հեռանկարների։ Մենք պետք է ամենավճռական կերպով պաշտպանենք միության շահերը», - այսօր Սենատում հայտարարել է Ժան իվ Դրիանը՝ սկանդալային որակելով Լիբիայի ափին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպը։

Հունիսի 18-ին թուրքական ռազմանավը չէր ենթարկվել ուղեբեռը ստուգելու՝ ֆրանսիական ռազմանավի պահանջին, որը տեղում ծառայություն էր իրականացնում ՆԱՏՕ-ի առաքելության ներքո։ Ավելին, թուրքական կողմը թիրախավորել էր ֆրանսիական նավը, ինչը Փարիզում գնահատել էին որպես «բացառապես թշնամական ու ագրեսիվ գործողություն»։