ԱՀԿ-ն հույսի նշույլներ է տեսնում Covid-19-ի դեմ պայքարի հարցում

Կորոնավիրուսի թեստավորման կետ Գերմանիայում, արխիվ

Հույս կա

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակի ավելի քան վեց ամիսների ընթացքում առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հույսի նշույլներ է տեսնում վարակի դեմ պայքարի հարցում։ Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, սակայն, հորդորում է չթուլանալ և շարունակել հակահամաճարակային գործողությունները՝ վարակի տարածումը կանխելու համար, փաստելով, որ բազմաթիվ երկրներում վարակակիրների թիվը դեռ շարունակում է սրընթաց աճել՝ աշխարհում հասնելով 8 միլիոն 350 հազարի, իսկ զոհերինը՝ շուրջ 450 հազարի։

ԱՄՆ-ում նոր վարակակիրների թվի որոշակի կայունացում է նկատվում

ԱՄՆ - Բուժաշխատողները հիվանդանոց են տեղափոխում կորոնավիրուսով վարակվածին, հունիս, 2020թ.

Վարակակիրների թվով առաջին երկիրը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ վերջին օրերին, ինչպես հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը, նոր վարակակիրների թվի որոշակի կայունացում է նկատվում: Փենսի խոսքով՝ վերջին երկու շաբաթների ընթացքում երկրում արձանագրվում է օրական միջինը 20 հազար նոր դեպք, ապրիլին այդ ցուցանիշը 30 հազար էր: ԱՄՆ փոխնախագահը հայտնել է, որ նվազել է նաև հոսպիտալացվող վարակակիրների թիվը:

Իր հերթին, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ համաճարակի պատճառով փակել երկիրը: Fox News հեռուստաընկերության հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը մասնավորապես ասել է. - «Մենք երկիրը նորից չենք փակի, մենք ստիպված չենք լինի նորից այդ քայլին դիմել»։

1 միլիոն 120 հազար դոլար՝ 70-ամյա ամերիկացու բուժման համար

Մինչ այդ, Նահանգներում վարակակիրների թիվը հասել է 2 միլիոն 160 հազարի, համաճարակի հետևանքով մահացել է 118 հազար մարդ:

Շուրջ մեկ միլիոն մարդ էլ բուժվել է՝ այդ թվում 70-ամյա ամերիկացի Մայքլ Ֆլորը, ով ուղիղ 62 օր անցկացրել է հիվանդանոցում: Ֆլորի պատմությունը լայն արձագանք է գտել ամերիկյան լրատվամիջոցներում, քանի որ ծայրահեղ ծանր վիճակից նրան փրկելու համար ծախսվել է 1 միլիոն 120 հազար ամերիկյան դոլար, որը կվճարի Medicare բժշկական ապահովագրական ընկերությունը։ Կորոնավիրուսով վարակված տարեց տղամարդն ավելի քան երկու ամիս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, մոտ մեկ ամիս՝ արհեստական շնչառության սարքին միացված, ինչն օրական արժե մոտ 2 հազար 800 դոլար:

Բրազիլիայում՝ կրկին 1200 մահ մեկ օրում

Կորոնավիրուսի զոհերի հիշատակի ակցիա Բրազիլիայում, հունիս, 2020թ.

Համաճարակի էպիկենտրոնը վերջին շաբաթներին Միացյալ Նահանգներից տեղափոխվել է Հարավային Ամերիկա, որտեղ կորոնավիրուսից ամենաշատը տուժել է Բրազիլիան։ Այդ երկրի նախագահը, անտեսելով սեփական բնակչության և միջազգային կառույցների հորդորներն ու նախազգուշացումները, խուսափել է կարանտինային միջոցառումներից, ինչի հետևանքով երկրում կորոնավիրուսից օրական մահանում է 1200 մարդ: Բրազիլիան վարակակիրների և մահացության ցուցանիշներով՝ համապատասխանաբար մեկ միլիոն դեպք և ավելի քան 46 հազար զոհված, երկրորդն է աշխարհում:

Ռուսաստանում հիվանդացության նվազագույն ցուցանիշը ապրիլի 30-ից ի վեր

Ռուսաստան - Հունիսի 24-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթի փորձ Սանկտ Պետերբուրգում, 17-ը հունիսի, 2020թ.

Վարակակիրների թվով միայն Միացյալ Նահանգներին և Բրազիլիային զիջող Ռուսաստանում երկրորդ օրն է նոր դեպքերի թիվը պահպանվում է 8 հազարի սահմաններում՝ նախկինում 9 հազարի փոխարեն ։ Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված 7 հազար 843 նոր դեպքերը ապրիլի 30-ից ի վեր նվազագույն ցուցանիշն է մեկ օրվա կտրվածքով: Երկրում հիվանդացության ընդհանուր թիվը հասել է 561 հազարի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 660 մարդ, նրանցից 182-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Կորոնավիրուսը հասավ Նազարբաևին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ռուսաստանին սահմանակից Ղազախստանում, որտեղ համաճարակային կացությունն անհամեմատ բարվոք է, կորոնավիրուս է հաստատվել երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ: Ներկայումս Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող 79-ամյա Նազարբաևի մամուլի ծառայությունը շտապել է հայտարարել է, որ անհանգստանալու որևէ առիթ չկա, Նազարբաևը շարունակում է աշխատել տանից:

Պեկինը կրկին փակվում է

Չինաստան - Պեկինի միջազգային օդանավակայանում ջերմաչափում են իրականացնում, 17-ը հունիսի, 2020թ.

Ղազախստանի հարևան Չինաստանում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախը, ավելի քան կես տարի տևած պայքարից հետո վերսկսել են վարակի տարածման դեմ պայքարը: 57 օրվա դադարից հետո մայրաքաղաք Պեկինում նոր վարակիրներ են հայտնաբերվել , իշխանություններն ամենախիտ բնակեցված քաղաքի բնակչությանը կրկին երկշաբաթյա կարանտինի են ուղարկել: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանում արձանագրվել է 36 նոր դեպք, որից 21-ը՝ մայրաքաղաքում:

Ինքնաախտահանվող նոր դիմակ

Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արխիվ

Կորոնավիրուսի տարածման դեմ մինչ օրս գոյություն ունեցող ընդամենը մի քանի արդյունավետ միջոցներից մեկը՝ պաշտպանիչ դիմակը գիտական հետազոտությունների առարկա է դարձել: Մասնագետները փորձում են գտնել դրա ավելի արդյունավետ տարբերակները, պաշտպանիչ հատկություններին ավելացնել նաև հարմարավետության գործոն: Իսրայելցի գիտնականները որոշակի հաջողությունների են հասել՝ ստեղծելով պաշտպանիչ դիմակ, որն ինքն իրեն ախտահանվում է և բազմակի օգտագործման հնարավորություն տալիս: Հայֆայի Տեխնիոնի համալսարանի գիտնականների խմբի գյուտի համաձայն՝ դիմակի ախտահանման գործընթացը տևում է 30 րոպե, այդ ընթացքում, բնականաբար, այն չի կարելի օգտագործել, իսկ ախտահանումն իրականացվում է USB-ի օգնությամբ՝ ինչպես բջջային հեռախոսը լիցքավորելը։ Հոսանքին միացվելուց հետո դիմակն սկսում է ջերմություն արտադրել՝ հասցնելով մինչև 70 աստիճան, ինչը բավարար է վիրուսը ոչնչացնելու համար: Իսրայելցի գիտնականներն իրենց գյուտի օրինակներն ուղարկել են ՄԻացյալ Նահանգներ և հայտարարում են, որ այն կարժենա ընդամենը մեկ դոլարով ավելի, քան սովորական մեկանգամյա դիմակների գինն է: