Ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի տասնյակ բնակիչների

Ադրբեջան - Ոստիկանները ձերբակալում են բաքվեցիներին, 8-ը հունիս, 2020 թ.

Բաքվի թաղամասերից մեկում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան մեկ տասնյակ բնակիչների, ովքեր աղբ են նետել ոստիկանների վրա և հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին:

Ենի Յասամալի բազմահարկ շենքի բնակիչներն այդկերպ իրենց բողոքն են արտահայտել շենքի մեկ այլ բնակչի ձերբակալության դեմ, ում ոստիկանությունը բերման է ենթարկել «կարանտինային ռեժիմը խախտելու համար»: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ոստիկանությունը երկուշաբթի առավոտյան որոշել է պատժել իր գործողություններից դժգոհ բնակիչներին` ներխուժելով նրանց բնակարաններ և բռնի կերպով փողոց դուրս բերելով նրանց: