«Ամեն ջանք ու եռանդ ներդրվելու է»՝ չվերադառնալու համար համապետական կարանտինի

Երկրում հաստատված է բավականին ծանր վիճակ, երեկ երեկոյան Պարետատան նիստից հետո անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

Փաշինյանն ասում է, որ գործ ունենք վարակի արդեն երկրորդ ալիքի հետ։

«Մի քանի օր շարունակ մենք քննում ենք հետևյալ հարցը, թե ինչքանով են պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, և ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ: Եվ մեր բազմակողմանի, այդ թվում՝ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են», - նշեց պետության ղեկավարը:

Սակայն վարչապետը նկատում է` խնդիր է այդ կանոնների պահպանումը. դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում: Սրանց պահպանման դեպքում, ըստ Փաշինյանի, համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կնվազի:

Վարչապետը հայտարարեց, որ այսուհետ ավելի խիստ են լինելու կանոնները խախտող քաղաքացիների նկատմամբ. - «Այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով, կանոնների պահպանման վերաբերյալ: Խստացված ստուգումներ կիրականացնեն միջմարզային ճանապարհներին»:

Փաշինյանի տեղեկացմամբ՝ բազմաթիվ տնտեսվարողներ ու քաղաքացիներ են տուգանվել սահմանված կանոնները խախտելու համար։

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ մասնավորապես տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումները շեշտակիորեն ավելացվել են:

Չնայած ընդհանուր առմամբ տնտեսական սահմանափակումներ չեն սպասվում, Կառավարությունն անցել է ապակենտրոն պայքարի, պարետը չի բացառում՝ որոշակի սցենարի դեպքում հնարավոր է կարանտինայի ռեժիմի սահմանում։

«Ամեն ջանք և եռանդ ներդրվելու է, որպեսզի կրկին չվերադառնանք համապետական մասշտաբով նման կարանտինային ռեժիմի», - ասաց Ավինյանը:

Առողջապահության նախարարն էլ է հաստատում՝ կանոնները պահպանելու դեպքում կան բոլոր շանսերը վարակը կառավարելի և մարման վիճակում պահելու համար։

«Կանոնների պահպանելով համակեցությունը այս նոր մարտահրավերի հետ մեր միակ ելքն է», - հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 269-ը ծանր, 51-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են։

Կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող ամենամեծ հիվանդանոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ևս արձանագրում են՝ իրավիճակը օր-օրի վատանում է։ Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի խոսքով՝ «Աստված ոչ արասցե, եթե մեկը տեսնի էս ամեն ինչը, չի կարող չհավատալ, ինչ է կատարվում էսօր հիվանդանոցներում, ծանրագույն հիվանդների հետ էս աշխատանքը, բժշկական անձնակազմը ինչ որ անում է»:

Նախօրեին կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 289-ով, ընդհանուր հաստատված դեպքերը 7 հազար 402-ի են հասել, փաստացի բուժվում է 4 հազար 52 մարդ։

Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետը Ֆեյսբուքում գրել է. - «Ուրիշների կյանքերը կախված են մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես»։