Դահլիճից դուրս եմ հրավիրելու բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, 26-ը մայիսի, 2020թ.

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում է հայտարարելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դահլիճից դուրս է հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում: Այս մասին Միրզոյանը հայտարարեց ԱԺ այսօրվա նիստի ժամանակ:

Նա նշեց, որ բոլորի պատասխանատվությունն է կարևոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: ԱԺ նախագահը նկատեց` եղել է իրավիճակում, որտեղ փակ տարածքում դիմակ չի կրել:

«Ուզում եմ բոլորիդ, մեր քաղաքացիների առջև ասել՝ այո, ես սխալ եմ արել: Մտածել եմ՝ ինչ-որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեև փակ դահլիճում, և չեմ կրել դիմակը: Բայց ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»,- ասաց Արարատ Միրզոյանը` ևս մեկ անգամ հորդորելով, խնդրելով բոլորին ԱԺ նիստերի դահլիճում դիմակ կրել: