Իսրայելի համոզմամբ՝ Հորդանանի արևմտյան ափի անեքսիան պետք է համաձայնեցվի Վաշինգտոնի հետ

Իսրայելական ուժերը պաղեստինցի ցուցարարին ձերբակալում են բողոքի ցույցի ընթացքում՝ Իսրայելի կողմից գրավված Արևմտյան ափի Հորդանանի հովտում, արխիվ

Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Գաբի Աշքենազիի համոզմամբ՝ պաղեստինյան խնդրի կարգավորման` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած ծրագիրը «պատմական հնարավորություն է, որ թույլ կտա կանխորոշել Իսրայելի ապագան՝ գալիք մի քանի տասնամյակների կտրվածքով»: Այս մասին Աշքենազին հայտարարել է նորաստեղծ կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվելուց հետո առաջին ասուլիսի ընթացքում:

DPA գործակալության փոխանցմամբ, սակայն, Իսրայելի արտգործնախարարը նաև նշել է. «Ծրագրի իրագործումը պետք է համակարգվի Վաշինգտոնի հետ, որպեսզի չխափանվի 1979 թվականին Եգիպտոսի և 1994-ին` Հորդանանի հետ կնքված խաղաղ պայմանագրերի կատարումը»:

Մերձավորարևելյան կարգավորման նախագահ Թրամփի ծրագրի համաձայն՝ Իսրայելը պետք է բռնակցի Պաղեստինի ինքնավարության մի զգալի մասը: Հորդանանի թագավոր Աբդալան օրերս հայտարարել էր, որ այդ քայլը կարող է Իսրայելի հետ լուրջ բախման հանգեցնել: