ՄԻԵԴ-ը նորից վճիռ է կայացրել հօգուտ Խադիջա Իսմայիլովայի

Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ադրբեջանը չի կատարել անձնական կյանքին միջամտելուց հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային պաշտպանելու պարտավորությունը:

Ըստ ՄԻԵԴ-ի, պետությունը պետք է տուգաներ ադրբեջանական պարբերականին Իսմայիլովայի անձնական, այդ թվում` սեռական կյանքի մասին անպարկեշտ և տգեղ մեկնաբանություններ հրապարակելու անազնիվ գործելակերպի համար:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանի պետությունը հետաքննող լրագրողին որպես հատուցում պետք է վճարի 6 հազար եվրո (դա հավասար է 6 հազար 500 ԱՄՆ դոլարի):

ՄԻԵԴ-ն արդեն երրորդ անգամ է որոշում կայացնում Իսմայիլովայի հարցով:

Իսմայիլովան լրագրողական հետաքննություն է իրականացրել Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն գործարքների մասին, որոնց առնչություն ունի նաև նախագահ Իլհամ Ալիևի գերդաստանը:

2015 թվականին Ադրբեջանի դատարանը հարկերից խուսափելու կեղծ մեղադրանքով Իսմայիլովային դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման:

2016-ին լրագրողին պայմանական ազատ են արձակել, սակայն նա դեռ զրկված է երկրից հեռանալու իրավունքից:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հետազոտությունների բաժնի աշխատակից Նատալյա Նորաձեն «Ազատությանն» ասել է, որ «Իսմայիլովայի գործը վկայում է անվանի լրագրողներին ահաբեկելու, լռեցնելու և երկրում խոսքի ազատությունը սահմանափակելու՝ Ադրբեջանի արդարադատության համակարգի գործելակերպի մասին»: