Ջո Բայդենը հերքում է սեռական ոտնձգության մեղադրանքը

ԱՄՆ դեմոկրատական հավանական թեկնածու Ջո Բայդենը, Վաշինգտոն, 15 մարտի, 2020թ.

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահության հավանական թեկնածու, Բարաք Օբամայի նախագահության օրոք փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է նախկին օգնական Թարա Ռիդի նկատմամբ սեռական ոտնձգության մասին մեղադրանքը:

Բայդենին վերագրվող միջադեպը, որը դարձել է սկանդալային քննարկումների առիթ, տեղի է ունեցել 27 տարի առաջ:

«Դա սուտ է, միանշանակ պնդում եմ, նման բան երբեք չի եղել, երբեք», - մայիսի 1-ին MSNBC կայանին տված հարցազրույցում ասել է 77-ամյա Բայդենը:

Թարա Ռիդն իր ընկերներին անցյալ տարվա մարտին պատմել է, թե իբր Բայդենի կողմից ենթարկվել է սեռական բնույթի ոտնձգության:

Դա, ըստ Թարա Ռիդի, տեղի է ունեցել 1990 թվականների կեսերին, երբ նա 29 տարեկան էր և աշխատել է Սենատում որպես Բայդենի օգնական:

Ջո Բայդենը Սենատի քարտուղարին հասցեագրված բաց նամակում պահանջել է անհապաղ հրապարակել ենթադրյալ միջադեպին առնչվող բոլոր փաստաթղթերը: