Արսեն Թորոսյան. «Սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի...»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

«Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ», - այս գիշեր Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից...

Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից...

Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից...

Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով...», - ընդգծել է նախարարը՝ որպես հետգրություն ամփոփելով. - «Սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի...»: