Երկու տեղական ավիաընկերություններ զրկվել են Եվրոպա չվերթների իրավունքից. Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան, արխիվ

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից, այսօր պարզաբանում է տարածել գերատեսչությունը։

Մասնավորապես՝ հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից:

Այս պահին արձակուրդում գտնվող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը տարածվող լուրերը ապատեղեկատվություն է համարում: Պարզաբանում է՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից երկու տեղական ավիաընկերություններ են ժամանակավորապես զրկվել դեպի Եվրոպա չվերթների իրավունքից: Այդ ավիաընկերությունները սակայն, կարող են իրենց թռիչքները շարունակել դեպի այլ պետություններ:

«Մենք հիմա պարզաբանում ենք՝ ինչի են իրենք տենց շուտ այդ որոշումը կայացրել, որովհետև իրականում ընթացակարգը այնպիսին է, որ գալիս են այցով, պատրաստում են իրենց դիտողությունները, որ արդեն մենք ստացանք մարտի 6-ին և արդեն սպասում են մեր դիտողություններին, որն իրենք ստանալու են երկուշաբթի օրը: Այսինքն՝ մեր կարծիքը դեռ մեր գործընկերների մոտ չկա: Դրանից հետո նոր մայիս ամսին պետք է որոշում կայացվի նիստի ընթացքում՝ Բրյուսելում», - նշեց Ռևազյանը:

Անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ: Պատճառն, ըստ հանձնաժողովի, անվտանգության վերահսկման նվազման նախանշաններն են։

Այնուհետ Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության մասնագետները եկան Հայաստան՝ Քաղավիացիայի կոմիտեում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։

Եվրոպացի մասնագետների կողմից արձանագրված թերությունները, Տաթևիկ Ռևազյանի խոսքով, նոր չեն, այլ տարիների պատմություն ունեն։

«Խնդիրները ընդհանրապես նոր չեն, և իրականում շատերը տեղյակ են եղել խնդիրներից, բայց լուծումներ չեն տրվել: Մենք հիմա շատ լուրջ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, որ ֆունդամենտալ փոփոխություններ անենք Քաղավիացիայի կամիտեում: Այսինքն՝ նոր մոտեցումներ է պետք, նոր մտածելակերպ է պետք, որ մենք համապատասխանենք այն պահանջներին, որը Եվրոպայի միությունը ունի», - ասաց Կոմիտեի նախագահը:

Տաթևիկ Ռևազյանն ասում է, որ իրենք եվրոպացի մասնագետների վերհանած որոշ խնդիրներ կարգավորել են, իսկ մի մասի համար էլ ժամանակ է անհրաժեշտ։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նկատում է՝ արտակարգ իրավիճակներում եվրոպական ուղղությամբ վկայականից ժամանակավորապես զրկված հայկական ավիաընկերությունները կարող են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնել։

«Եթե, օրինակ, պետք է նման տիպի չվերթ կազմակերպել, ինչպես մենք կազմակերպեցինք Իտալիայից, որ արտակարգ իրավիճակ է, մարդկանց պետք է բերել հետ Հայաստան և քաղաքացիներին, այդ չվերթները չեն չեղարկվում: Այսինքն՝ դեռ մենք իրավունք ունենք այդ չվերթներն իրականացնել», - նշեց նա:

Տարածվող լուրերին, թե Քաղավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, նաև անձամբ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու Լեոնարդ Վիքսն է անդրադարձել՝ դրանք համարելով մոլորեցնող հրապարակումներ։

Պաշտոնյան Հայաստանի հասարակությանն ուղղված բաց նամակում նշել է, որ խնդիրի բուն պատճառներն ավելի խորն են և առկա են եղել մինչ 2018 թվականի քաղաքական փոփոխությունները։