Փաշինյանը և Միշուստինը արձանագրել են՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով և վերը նշված սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների տեղափոխման վրա։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն արծարծել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր և ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի միջև ողջ ծավալով բեռնափոխադրումների պահպանման կարևորությունը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար: