Լուկաշենկո. «Մենք մեկ ոտքով արդեն տնտեսական ճգնաժամում ենք»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում գործող բժշկական սարքավորումների գործարան կատարած այցի ընթացքում, 20 մարտի, 2020թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ` համաշխարհային տնտեսական ճգնաժամն արդեն իսկ իրողություն է: Այս մասին Բելառուսի ղեկավարը հայտարարել է այսօր Մինսկում գործող բժշկական սարքավորումների գործարան կատարած այցի ընթացքում:

«Մենք արդեն իսկ մեկ ոտքով այդ ճգնաժամում ենք: Քանի որ տատանումները և անկայունությունը բավական զգալի են, պետք է հասկանալ` արդյոք մենք կկարողանանք այդ ոտքը հանել այդ ճգնաժամից, թե երկրորդն էլ կխրվի դրանում», - նշել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով, սակայն, առայժմ որևէ կանխատեսում անել հնարավոր չէ. - «Դժվար է ասել, թե որքանով կվատթարանա տնտեսական կացությունը աշխարհում, և արդյոք մոլորակի առաջատար պետություններին կհաջողվի վերադառնալ նախկինում առկա զարգացման տեմպերին», - նշել է Բելառուսի ղեկավարը: