Դատավոր Դանիբեկյանը դարձյալ մերժեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Աննա Դանիբեկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը կշարունակի քննել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը։

Դանիբեկյանն այսօր մերժեց սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը և ինքնաբացարկ չհայտնեց։

Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մոտ կես տարի առաջ մեկնարկած դատավարության ընթացքում սա արդեն երրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է։ Նախկին նախագահի փաստաբանները շեշտում են, թե Աննա Դանիբեկյանն անաչառ չէ և չի կարող քննել այս գործը։

Նիստից հետո Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում հակադարձելով պնդումներին, թե իրենք ձգձգում են դատական գործընթացը՝ պատասխանեց, որ միջնորդություններ ներկայացնելու խելամիտ ժամկետ չկա, և անհրաժեշտության դեպքում նորից կներկայացնեն. - «Եթե ունենում ենք նոր հանգամանք, որը նախկինում չենք բարձրաձայնել, բնականաբար պետք է ներկայացնենք։ Եթե նկատեցիք, այն, ինչ ներկայացրեցինք նախորդ դատական նիստի ընթացքում, երբևէ չէր ներկայացվել, այդ հանգամանքները դատարանի կողմից երբևէ քննության առարկա չէին եղել, սա առաջին անգամ էր, որ եղավ։ Մյուս կողմից, սույն դատավորի պարագայում ամեն ինչ կանխատեսելի է. միջնորդությունները կարող են լինել տարբեր, կարող են լինել այնպիսի նոր հանգամանքներ, որ երբեք ոչ մեկի մտքով նույնիսկ չէր անցնում, բայց արդյունքը կանխատեսելի է՝ մերժել։ Օրենքով չկա խելամիտ ժամկետ, օրենքով կա մեկ անձ, որը պատասխանատու է այդ ողջ գործընթացի համար։ Դա դատարանն է»։

Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը, սակայն, այն կարծիքին է, որ Քոչարյանի կողմն այսպես ձգձգելով փորձում է այնպես անել, որ վկաների մի մասը պարզապես չգան դատարան. - «Որովհետև այն, ինչ որ արվում է, դա ուղղակի կրկնություն է նույն փաստերի և նույն հանգամանքների, ինչը օրենքով արգելված է, որովհետև նույն հիմքով միջնորդություն անելը անթույլատրելի է։ Մենք դեռ չգիտենք, թե վկաներն ուր են։ Այս ձգձգումները նաև կնպաստեն, որ այս ընթացքում աշխատանքներ տարվեն, մարդիկ կան, որոնք ձեռնտու չեն ցուցմունք տալու առումով, էդ մարդկանց վրա ազդեն։ Եվ մենք հետո չգիտենք, թե ինչ պատկեր կունենանք։ Ես մտածում եմ, որ ոչ միայն ցուցմունքները փոխելու ուղղությամբ կաշխատեն, այլ նաև կաշխատեն այն հանգամանքի ուղղությամբ, որ այդ մարդիկ դատարան չգան, և հետո էլ դա սկսեն շահարկել։ Հետևապես շատ-շատ պահված խաղաքարտեր ունեն, որոնք կբարձրացնեն, և դրանք բոլորը ի վնաս քրեական գործի են»։

Հաջորդ դատական նիստը մարտի 10-ին է։