Երևանի Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 2 շինությունները (պետական սեփականություն հանդիսացող) 2017-2018թթ. Պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից օտարվել են իրենց կադաստրային արժեքից զգալի չափովպակաս գնով: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Կառավարության 2018թ. թիվ 29-Ա որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել նշված հասցեում գտնվող շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող N1 շինության 210.4 քառ. մետր և N2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած հողամասից համապատասխանաբար 78.9537 ք/մ և 38.7249 ք/մ մակերեսներով` բաժնային մաս համարվող հողամասերը: Դրա հիման վրա 2018թ. մայիսին գույքն ուղիղ վաճառով օտարվել է:
Ըստ հաղորդագրության, պետական գույքն օտարելիս դրա շուկայական արժեքը գնահատվել է 3 տարվա վաղեմության տվյալների հիման վրա՝ առանց տեղազննության կատարման, ինքնակամ շինությունների առկայության պայմաններում, առանց դրանց կարգավիճակի վերաբերյալ սահմանված կարգով որոշման կայացման և գույքի փոփոխությունների արդյունքում առանց դրանց շուկայական արժեքի վերագնահատման:
Ըստ դատախազության՝ պարզվել է նաև, որ մինչև գույքի օտարումը նշված հասցեում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որոնք իրենց կարգավիճակով, ըստ էության, հանդիսացել են ինքնակամ շինություններ, քանի որ կադաստրային գործում դրանց շինարարական ավարտի փաստագրման մասին ավարտական ակտ առկա չէ: Ավելին՝ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո վերոնշյալ հասցեներում գտնվող տարածքների վերագնահատում չի իրականացվել:
Քանի որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել Պետական գույքի կառավարման վարչության և վերոնշյալ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս պատճառելու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ տվյալներ՝ Երևանի դատախազությունում վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մասի (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով: