Բելառուսը կփոխի զինանշանը, նոր տարբերակի վրա Ռուսաստանն ավելի փոքր կլինի

Ձախից զինանշանի նոր տարբերակը, աջից՝ գործողը

Բելառուսի արդարադատության նախարարությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել պետական խորհրդանիշների մասին, որով առաջարկվում է, մասնավորապես, փոխել Բելառուսի զինանշանի տեսքը, դարձնել այն «նվազ ռազմատենչ», և որի վրա «Ռուսաստանը լինի ավելի փոքր»:

«Բելառուսի Հանրապետությունը խաղաղասեր պետություն է, որը պահպանում է չեզոքություն, ագրեսիան չի դիտարկում որպես իր քաղաքականության միջոց», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Բացի այդ, զինանշանի վրա կփոխվի նաև երկրագնդի տեսքը, ներկայում դրա մեծ մասի վրա պատկերված են Ռուսաստանը, Ֆինլանդիան և սկանդինավյան երկրները:

Նոր տարբերակում Բելառուսը կհայտնվի կենտրոնում, և պատկերի մեծ մասում տեղ կունենան եվրոպական երկրները: Բելառուսի ժամանակակից զինանշանն ընդունվել է հանրաքվեի արդյունքում, որը նախաձեռնել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 1995 թվականին: