Գրականագետ. Շատ քչերին է հայտնի, որ Տերյանը Հայոց ցեղասպանության առաջին վավերագրողներից մեկն է

Վահան Տերյանի շիրիմը

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է, որն ավանդաբար Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող բանաստեղծի շիրիմի մոտ է համախմբում գրողների, գրականագետներ, նրա պոեզիայի երկրպագուների` մեկ անգամ ևս իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ պոետի հիշատակին։

Երեկ լրացավ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը, իսկ մինչ այդ`այս տարվա հունվարի 6-ին լրացել էր նրա մահվան 100-ամյա տարելիցը։ Ընդամենը 35 տարի ապրած պոետը այնպիսի ստեղծագործական ժառանգություն է թողել, որը պարզապես հեղափոխեց ողջ հայ գրականությունը, և նրա պոեզիան ուղեկցում է յուրաքանչյուրիս վաղ պատանեկությունից մինչև կյանքի վերջը։

Վերջին տարիներին նրա ծոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Էմին-Տերյանը բազմաթիվ հոդվածներով և առանձին չափազանց ուշագրավ ժողովածուներով Տերյանի կյանքն ու գործը ներկայացրեց նոր, թարմ, 21-րդ դարի գրականագետի հայացքով՝ բացահայտելով մեծ բանաստեղծի կյանքի ու գործի բազմաթիվ անհայտ էջեր։ Ի դեպ, հենց այդպես էլ կոչվում էր վերջին տարիներին նրա հրատարակած ծավալուն (740 էջանոց) աշխատությունը՝«Վահան Տերյան. Անտիպ և անհայտ էջեր»։

Գաղտնիք չէ, որ մեր մեծերի ստեղծագործական ժառանգության ցանկացած նոր հրատարակություն չափազանց մեծ հետաքրքրությամբ է ընդունվում և սպասված է հանրության կողմից։

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե առաջիկայում տերյանական ինչ նոր գրքեր ու գործեր են սպասվում մեր հանրությանը, Գևորգ Էմին-Տերյանը պատասխանեց. - «Այս տարի կհրատարակվի Կարեն Միքայելյանի «Հոշոտված Հայաստանը»։ Այդ աշխատանքի սկիզբը Տերյանն էր հիմնադրել, ապա, Մոսկվա գնալուց հետո Կարեն Միքայելյանին ուղարկեց Երևան, որ որբերի հետ աշխատանքը շարունակի։ Ինչպես Տերյանի արածն էր անտիպ, էդպես էլ Կարեն Միքայելյանի աշխատանքն է անտիպ։ Մոտ 500 էջ որբերի հուշերն են, որ պահվում են արխիվում։ Արդեն պատրաստ է հրատարակության, պետք է ծանոթագրել և առաջաբան ու վերջաբան գրել։ Առաջիկայում կհրատարակվի «Հուշեր Տերյանի մասին» եռահատորյակը։ Եվ կհրատարակվի պոեզիայի նոր ժողովածու»։

Անդրադառնալով Ցեղասպանության ազդեցության Տերյանի գործունեության ու ստեղծագործության վրա՝ նրա ծոռն ասաց. - «Շատ քչերին է հայտնի, որ Տերյանը Հայոց ցեղասպանության առաջին վավերագրողներից մեկն է, եթե ոչ առաջինը։ 1915 թվականի վերջին Տերյանը գալիս է Երևան և որոշակի մանդատով, Ստեփան Մամիկոնյանի՝ Մոսկվայի հայկական կոմիտեի ղեկավարի մանդատով, քանի որ ինքը Մամիկոնյանի քարտուղարն էր էդ ժամանակ, սա էլ տերյանագիտությանը հայտնի փաստ չէ, քանի որ Մոսկվայի հայկական կոմիտեն նաև ֆինանսավորում էր որբանոցները, ինքը, որպես հովանավորի կողմից ներկայացուցիչ, եկել էր Երևան և արտասովոր մտահղացում ուներ։ Երեխաներին զուգահեռաբար տալիս է հանձնարարություն՝ պատմել Ցեղասպանության մասին, և երեխաները նկարագրում են Ցեղասպանությունը։ Ե՛վ այցն է գաղտնի պահվել, և՛ այս աշխատանքն է գաղտնի պահվել՝ հիմնականում քաղաքական պատճառով։Էդպիսի բան աշխարհում չկար, որ մի խումբ երեխաներ պատմեն մասսայական բռնության մասին։ Մեր գրականագիտության, գրականության մեջ շատ տարածված տեսակետ է, որ Ցեղասպանությունը ստիպում է խոսել, այնինչ իրականում աղետը ստիպում է լռել։ Նաև աշխարհի փլուզումը բերում է պոեզիայի փլուզման, ու դա Տերյանի պոեզիայի մեջ երևում է. ինքը և՛ տաղաչափություն է փոխում, և՛ լեզուն է փոխում, սիմվոլներն է փոխում։ Հիմա, ես կարծում եմ, որ պետք է տպագրվի Տերյանի երկհատորյակ, առաջինը՝ մինչև 15 թվականը Տերյանի բանաստեղծությունները, երկրորդը՝ 15 թվականից հետո իր գրած բանաստեղծությունները։ Որովհետև դրանով փոխվում է պոեզիայի ընկալումը։ Ամենամեծ խնդիրը ուղղագրության խնդիրն է, բայց ես հույս ունեմ, որ երկու ուղղագրությամբ հնարավոր կլինի հրատարակել։ Բայց էլի գրքեր կան, որոնք պետք է անպայման լինել, օրինակ՝ ուսումնասիրությունների կարիք ունի Բրեստ-Լիտովսկում Տերյանի դերակատությունը, որովհետև ոչինչ մենք չգիտենք դրա մասին։ Մենք շատ քիչ բան գիտենք կոմիսարիատում իր աշխատանքի մասին, Հյուսիսային Կովկաս ուղևորության մասին, բազմաթիվ այլ դրվագների մասին, որոնք ոչ միայն շատ կարևոր են Տերյանին հասկանալու համար, այլև ժամանակաշրջանը հասկանալու համար»։