Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Այսօր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պատարագիչն էր ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ, ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վեհափառի, կատարվել է Հանրապետական մաղթանք: Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն: Գարեգին Բ-ն «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների: