Բոլթոնը պատրաստ է Սենատում ցուցմունք տալ Թրամփի իմփիչմենթի հարցով

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է նախագահի իմփիչմենթի հարցով Սենատում ցուցմունք տալու պատրաստակամության մասին:

Ավելի վաղ Թրամփի նախկին խորհրդականը հրաժարվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում ցուցմունք տալուց: Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները:

Բոլթոնը կդառնա Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան նախկին պաշտոնյան, ով ցուցմունք կտա նախագահի իմփիչմենթի հարցով, որի հիմքում ԱՄՆ նախագահի կողմից Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեղադրանքն է:

Դեմոկրատների համոզմամբ, Թրամփն անցյալ տարվա հուլիսին ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում փորձել է ճնշում գործադրել նրա վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Ակնկալվում է, որ նախագահի իմփիչմենթի գործընթացն այս ամիս կտեղափոխվի Սենատ, որտեղ էլ կորոշվի՝ շարունակում է Թրամփը պաշտոնավարումը, թե ոչ: