Բաղդադում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գեներալ Սուլեյմանին

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանին

Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է «խստորեն պատասխանել» հունվարի 3-ին Արևմտյան Բաղդադում ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության մեղավորներին:

Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:

Քասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 3-ին վաղ առավոտյան Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում, նախնական տվյալներով, անօդաչու հարվածի գործողության ընթացքում:

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա «պաշտպանողական» գործողություն է եղել՝ կանխելու Սոլեյմանի՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: