ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը

ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), նպատակաուղղված քայլեր ձեռնարկելով Հայաստանի տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիները բացահայտելու և փակելու ուղղությամբ, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ըստ ԱԱԾ-ի ձեռք բերած փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացին, 2019 թվականի դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոց և համապատասխան փաթեթավորմամբ այն պահել իր մարմնում։ «Դեկտեմբերի 24-ին վերջինս Մոսկվա քաղաքից ինքնաթիռով ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանային անցակետով վերոնշյալ առանձապես խոշոր չափերով թմրամիջոցը ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, սակայն մաքսային հսկողությունն անցնելուց հետո՝ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել», - նշված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, առաջադրված մեղադրանքում մաքսանենգն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական բնույթի ցուցմունքներ, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը, փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։