Ըստ վարչապետի, պետական կառավարման համակարգի առաջին առաքելությունը պետք է լինի հանրային կյանքին չվնասելը

Պետական կառավարման համակարգի առաջին առաքելությունը պետք է լինի չվնասելը, չխանգարելը երկրի տնտեսական, քաղաքական, հանրային բնականոն կյանքին։ Պետական համակարգի ներկայացուցիչների հետ երեկ երեկոյան տեղի ունեցած ամանորյա ընդունելությանն ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս կառավարությունը քաղաքական խնդիր է դրել առաջնորդվել հենց այսպիսի տրամաբանությամբ, և, ամփոփելով 2019-ը, պետք է իրենց հարց տան, թե ինչքանո՞վ են կատարել այս խնդիրը։

«Մենք երբեմն աշխատել ենք լավ, երբեմն կամ տեղ-տեղ աշխատել ենք լավ, տեղ-տեղ աշխատել ենք շատ լավ, տեղ-տեղ աշխատել ենք վատ, տեղ-տեղ աշխատել ենք շատ վատ։ Մենք ճիշտ պետք է ախտորոշենք մեր խնդիրը, ճիշտ պետք է ձևակերպենք մեր հարցը, որպեսզի դրան ճիշտ պատասխաններ գտնենք։ Իսկ ո՞րն է այս իրավիճակին մեր պատասխանը, այս իրավիճակին մեր պատասխանը հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն է, որը մենք պետք է իրականացնենք հետևողական։ Այս իրավիճակի ճիշտ գնահատականը պետական կառավարման համակարգում գործող պաշտոնյաների աշխատանքի գնահատման անհատականացված մոտեցումն է, և այս իրավիճակի ճիշտ արձագանքը պետական կառավարման համակարգի գաղափարական ընդհանրության և ներդաշնակության հասնելն է», - նշեց վարչապետը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խոսելով վարչապետի այդ հայտարարության մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ պետական համակարգը պետք է օգնողի, հնարավորություն ստեղծողի դերում լինի և ոչ խոչընդոտողի։

«Մենք խոսում ենք նրա մասին, թե տնտեսվարողը ինչպիսի հնարավորություններ ու ինչպիսի խոչընդոտների է հանդիպում որևէ բան իրականացնելիս։ Մենք գիտենք, որ կա որոշակի բյուրոկրատական համակարգ, որը անգամ 1,5 տարվա ընթացքում մեզ դեռ չի հաջողվել ամբողջությամբ բերել այնպիսի դաշտ, որ քաղաքացու համար, ներդրողի համար ամեն ինչ շատ ավելի հեշտ լինի։ Այսինքն՝ հաճախ մենք ցանկություն ունենալով օգնել գործարարին, ներդրողին, քաղաքացուն, բավականին երկար պրոցեդուրաների միջով ենք անցնում, անգամ ղեկավար կազմի մասին է խոսքը։ Այսինքն՝ երբեմն անհրաժեշտ է գերատեսչության առաջին դեմքով մասնակցություն, որ այդ ընթացակարգերը ավելի արագ լինեն», - ընդգծեց Պապիկյանը։

Վարչապետն ասաց նաև՝ այսօր կառավարության համակարգում, նախարարություններում, պետական կառավարման մարմիններում կան և՛ լավ ու վատ պաշտոնյաներ ու աշխատակիցներ, և՛ կան շատ վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ։ Այս խնդիրը, ըստ նրա, կա բոլոր համակարգերում։

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր վատ աշխատանքի փորձը թողնենք 2019 թվականին, և մեզ հետ վերցնենք այն բոլոր պոզիտիվը, որ ձևավորվել է 2019 թվականին և այդպես մտնենք 2020 թվական», - նշեց Փաշինյանը։