Իտալիայի կրթության նախարարն ի նշան բողոքի հրաժարական է տվել

Լորենցո Ֆիորամոնտի

Իտալիայի կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտին հրաժարական է ներկայացրել՝ բողոք հայտնելով ոլորտին անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրելու դեմ:

Նախարարն այսօր Թվիթերում է ծանուցել իր որոշման մասին, հայտնելով, որ երկու օր առաջ հրաժարականի նամակն ուղարկել է վարչապետ Ջուզեպե Կոնտեին:

Իտալիան կրթությանը հատկացնում է համախառն ներքին արդյունքի 3,6 տոկոսը: Դա ամենացածր ցուցանիշն է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 32 երկրների ցանկում:

Ֆիորամոնտին առաջարկել է բարձրացնել ավիատոմսերի, պլաստիկ իրերի և շաքար պարունակող խմիչքների հարկերը և դրանից ստացված եկամուտն ուղղել կրթության ոլորտ, սակայն առաջարկը մերժած ընդդիմախոսները պնդել են, որ իտալացիներն առանց այն էլ շատ բարձր հարկեր են վճարում: