Կալանավոր Վահե Մելոյանն ավելի քան 100 օր է հացադուլ է հայտարարել

Արխիվային լուսանկար

Թեև բազմաթիվ հորդորներին՝ կալանավոր Վահե Մելոյանը չի դադարեցնում սեպտեմբերի 2-ից սկսած հացադուլը։ Այժմ նա գտնվում է դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում, «Ազատությանը» փոխանցեց քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Սոցիալ-հոգեբանները, այդ թվում նաև բժիշկները իր հետ տանում են բացատրական աշխատանքներ, որպեսզի հացադուլից դուրս գա, սակայն նա շարունակում է հացադուլը՝ բողոքելով իր քրեական գործից։ Պետք է նշեմ, որ իրեն այցելել են պատգամավորները, դատախազները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հորդորել են, որպեսզի ինքը հացադուլից դուրս գա, սակայն ինքը շարունակում է հացադուլը», - ասաց Նավիկյանը։

«Ազատության» հարցին, թե բժիշկներն ինչպե՞ս են գնահատում այս պահին նրա առողջական վիճակը, Նոնա Նավիկյանը պատասխանեց. «Կարելի է ասել միջին ծանրության է, սակայն գիտակցությունը պարզ է»։

Ավազակության մեջ մեղադրվող Վահե Մելոյանը կալանավորվել է հունվարին։ Նրա ընտանիքը ապրում է Սպիտակում։ Մայրը՝ Վերա Մաթևոսյանը, ով այսօր այցելել էր որդուն, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ սա արդեն երկրորդ անգամն է, ինչ որդին հացադուլ է հայտարարում, ասում է՝ որդու վիճակը ծանր է։

«104 կիլոյից ինքը 50 կիլո է դարձել՝ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Մարդը եթե հացադուլով է ինքն իր անմեղությունը ճանաչում, իրան ոչ մի փաստեր չունի, ինչի՞ հիման վրա թողնեն, որ մեռնի, որ ասեն՝ «մեռա՞վ էն տղեն», - նշեց Մաթևոսյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է իր որդին հացադուլ հայտարարել, Մելոյանի մայրը պատասխանեց. «Որովհետև իրան չեն հավատում, ինքը իր անմեղությունը հացադուլի միջոցով է հայտարարում, որ ինքը անմեղ է»։

Մայրը պատմում է՝ որդուն բազմաթիվ անգամ հորդորել է դադարեցնել հացադուլը, սակայն անարդյունք. «Ես հորդորել եմ, ասում է՝ «չէ, մամ, կամ ինձ ստեղից մեռած կհանեն, կամ էլ թող ինձ ստեղից ուղարկեն տուն, եթե ես մեղավոր եմ, ինչի՞ հիման վրա եմ ես 100 քանի օր հացադուլ անում»։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ գործընկերների հետ այցելել է Վահե Մելոյանին։ Իրենք ևս բազմաթիվ անգամ խնդրել են դադարեցնել հացադուլը։

«Գրեթե չէր արձագանքում մեզ, այսինքն՝ բոլոր հարցերին, հորդորներին տալիս էր մեկ պատասխան՝ «ես անմեղ եմ»։ Մենք խնդրում, հորդորում էինք՝ եթե անմեղ ես, դուրս արի, դու հնարավորություն ունես դատարանում ապացուցելու քո փաստաբանի հետ միասին քո անմեղությունը, իսկ ինքն ասում էր՝ «ոչ»։ Հորդորել ենք, որ դուրս գա հացադուլից, ես հասկացա մեկ բան, որ ինքը հացադուլից դուրս չի գալու։ Հիմա խնդիրն էսպես է դրված, նախկինում նման իրավիճակներում պարտադիր բռնի կերակրման մեթոդ էր գործում, երբ որ դատապարտյալի կամ կալանավորի ստամոքսը իջեցնում էին զոնդ կերակրափողի մեջ և իր կամքին հակառակ կերակրում էին, Եվրոպայի խորհրդի խոշտանգումների հանձնաժողովը դա համարեց խոշտանգման տեսակ, կերակրման էս տեսակը, բայց հիմա մյուս տարբերակը կա, ես զարմանում եմ, որ բժիշկները Վահեի վիճակը չեն գնահատում ծայրահեղ և չեն միացնում գլյուկոզայով սիստեմաներ։ Ես հիմա նորից հորդորում եմ դատապարտյալների հիվանդանոցի բժիշկներին Վահեին այլևս իր կամքին հակառակ միացնել սիստեմաներ, որովհետև մենք որևէ երաշխիք չունենք, որ ինքը այլևս չի հասնի կյանքի համար անհամատեղելի վիճակի և հնարավոր կլինի փրկել նրա կյանքը», - ասաց Զոհրաբյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին՝ Վահե Մելոյանի իրավունքների ապահովման վիճակը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։ Պարբերական այցեր են իրականացվում, վաղը նույնպես նախատեսված է այց։