Բելառուսում մահապատիժ են ի կատար ածել

Կրկնակի սպանության համար մահվան դատապարտված Ալեքսանդր Ասիպովիչը

Interfax գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսում գնդակահարել են Ալեքսանդր Ասիպովիչին, ով մահվան էր դատապարտվել կրկնակի սպանության մեղադրանքով:

Դատախազության բարձրաստիճան մի պաշտոնյա հաղորդել է, որ մահապատիժն ի կատար է ածվել դեկտեմբերի 17-ին:

Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մահապատիժ են կիրառում:

Այս տարվա մայիսին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել էր 2018 թվականին երկու կանանց սպանած Ասիպովիչի մահապատիժը:

Քննիչների փոխանցմամբ՝ գինովցած Ասիպովիչը դանակով և մուրճով է սպանել այդ կանանց, ովքեր փորձել են թաքնվել լողասենյակում:

Դրանից ավելի վաղ Ասիպովիչը մի քանի անգամ դատապարտվել էր ավազակության, խուլիգանության և մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով:

Եվրոպական միությունը Բելառուսին կոչ է անում միանալ Եվրոպայի այլ երկրներին և սառեցնել գերագույն պատժաչափի կիրառումը:

Անցած տարվա ընթացում Բելառուսում դատական վճիռներով գնդակահարվել է առնվազն 4 մեղադրյալ: