Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»-ի աճուրդը այսօր չի կայանա

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, արխիվ

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը՝ երեկ ժամը 18-ը, հայտ չի գրանցվել։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5 տոկոսով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - նշում է Բաբայանը:

Հիշեցնենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն պետությանն է փոխանցել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը: Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ է որոշել հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 19 հազար 758 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունների, 1,38 հեկտար հողամասի, ինչպես նաև 3 հազար 257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված էր 7 միլիարդ 526 միլիոն 457 հազար 800 դրամ։