5 օր տևած լռությունից հետո Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը քիչ առաջ մեկնաբանել է նախորդ շաբաթ Սենատի կողմից թիվ 150 բանաձևի հաստատումը, որով ամերիկացի օրենսդիրները 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էին ճանաչել:

«Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է: Մեր մոտեցումը արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջնական հայտարարության մեջ», - Պետդեպարտամենտի կայքում զետեղված մեկնաբանության մեջ նշել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտագուսը:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ հրապարակված ուղերձում նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականի իրադարձությունները անվանել էր «Մեծ եղեռն»` խուսափելով ցեղասպանություն բառի օգտագործումից: