ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը, արխիվ

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը նախօրեին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն: ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի փոխանցմամբ՝ թուրքական կողմը դեսպանին հայտնել է իր մտահոգությունը:

Երեկվանից պաշտոնական Անկարայից Սենատի բանաձևը դատապարտող հայտարարություններ են հնչում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ամոթալի որակելով բանաձևը, հայտարարել է, թե այդ որոշումը զուրկ է պատմական և իրավական հիմքից և պարտավորեցնող բնույթ չունի:

«Սենատի որոշումը պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակներից է: Այնուհանդերձ, իրականությունը անտեսելով՝ պատմությունը քաղաքական շահերի համար օգտագործողները չեն կարող հասնել իրենց նպատակներին», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Արտաքին գործերի նախարարությունը նաև ընդգծել է, որ ամերիկացի օրենսդիրների որոշումը թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը արգելակող կործանիչ քայլ է: «Թուրքիան վճռականորեն շարունակելու է պայքարել տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար՝ չենթարկվելով նման անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը», - նշված է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է անվանել։ Նա Թվիթերում գրել է, թե այս բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի՝ վախկոտներ անվանելով «պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներին ու առերեսվել չցանկացողներին»:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ պատմության իսկական վկաները ոչ թե Սենատի և խորհրդարանի որոշումներն են, այլ արխիվները: «Պատմական խնդիրները քաղաքական դաշտ բերողներին մեր արխիվներն ենք մատնանշում, որոնք բաց են գիտնականների ու պատմաբանների առաջ», - ասել է Օքթայը:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ հայտարարել էր, թե իրենք դատապարտում և մերժում են «ծեծված պատմական հասկացողությունը քաղաքական փոքր հաշիվներին ծառայեցնող որոշումը»։ «Իրավական ուժ չունեցող այս բանաձը չի կարող ազդել քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում Թուրքիայի իրավացի և վճռական դիրքորոշման վրա», - Թվիթերի իր էջում գրել էր Քալընը։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը ամոթանք է տվել ամերիկացի օրենսդիրներին՝ հայտարարելով, թե «արյունոտ պատմական անցյալ ունեցողներն իրավունք չունեն խմբագրել թուրքական փառահեղ պատմությունը»:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններից ևս արձագանքել են երեկ ընդունված բանաձևին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մահիր Ունալը և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել են՝ Թուրքիան դատապարտում և առ ոչինչ է համարում Սենատի որոշումը:

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Ունալ Չավիքոզը հայտարարել է, թե այս որոշումը կարող է անդառնալի հետք թողնել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Խորհրդարանական «Ազգայնական շարժում» և «Լավ» կուսակցություններից ևս Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտող հայտարարություններ են հնչել։

Մինչդեռ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կրկնել է իր այն համոզմունքը, թե Հայոց ցեղասպանության հարցն առաջին հերթին թուրքական մեջլիսում պետք է քննարկվի: «Այս հողերում գործված ոճիրի մասին այստեղ չեն խոսում և արդարություն չի հաստատվում, այդ պատճառով էլ դառնում է այլ խորհրդարանների քննարկման առարկա: Միակ խորհրդարանը, որը կամոքի հայ ժողովուրդի վերքերը, Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ հանդիսանում», - թվիթերյան իր էջում գրել է Փայլանը: