«Իմ քայլ»-ի պատգամավորը իրավական ճիշտ հանգուցալուծում է համարում ՍԴ անդամների վաղ կենսաթոշակների օրինագիծը

Կառավարությունն անցած շաբաթ հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծին: Ըստ դրա՝ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Նաև այս թեմայի շուրջ է «Ազատություն»-ը զրուցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - «Լուսավոր Հայաստան»-ը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, ասում է, որ պետության վրա ավելորդ ֆինանսական բեռ է, և նույնիսկ հաշվել էին, որ մեկ միլիարդ դրամ, այսինքն՝ պատկառելի գումար, և ահա Մարուքյանն ասում է՝ այսպիսով Կառավարությունը, փոխանակ իրավական ճանապարհով լուծի այս հարցը, անցանկալի անդամներից ազատվելու համար այս փողային ճանապարհն է ընտրել:

Գայանե Աբրահամյան․ - Սա ևս իրավական ճանապարհ է, և, ի դեպ, այս իրավական ճանապարհը, ընդհանրապես՝ Դատական օրենսգրքին տրված Վենետիկի հանձնաժողովի գնահատականը բավական դրական էր, էնպես որ, ես չեմ կարծում, թե սա, ընդհանրապես, կաշառքի վերաբերյալ այդ մեղադրանքները ուղղակի ծիծաղելի են, և գումարային նաև այս հաշվումները: Որովհետև, մեծ հաշվով, այդ մարդիկ այսօր էլ ստանում են այդ գումարը, մեծ հաշվով, երբ իրենք գնան թոշակի, միևնույն է, ստանալու էին նաև այդ գումարը: Այսինքն՝ հիմա ավելի վաղ են ստանում այդ գումարը, թե 65 տարեկանից հետո, մեծ հաշվով, մեծ տարբերություն գրեթե չկա:

Բայց սա նաև այն իրավական ճիշտ հանգուցալուծումն է, երբ որ․․․

«Ազատություն»․ - Կա, մեկ միլիարդ դրամի տարբերություն կա մոտավորապես:

Աբրահամյան․ - Ես չեմ հաշվարկել, ճիշտն ասած, այս պահին, չեմ կարող որևէ կերպ վիճարկել, նաև հակադարձել, բայց ընդհանրապես տրամաբանությունը և փիլիսոփայությունը ինձ համար այս դեպքում ընդունելի է:

Բայց, մյուս կողմից, սա իրականացվել է նաև այլ երկրներում:

«Ազատություն»․ - Դատարանի անդամ, այս նախաձեռնության հասցեատերը ուղիղ՝ Ալվինա Գյուլումյանն ասել է, որ «ես չեմ համաձայնի դրան, որովհետև բարոյական չեմ համարի՝ նստել տանը, գործ չանել ու փող ստանալ»:

Աբրահամյան․ - Ես կարծում եմ՝ ընդհանրապես բարոյականության մասին գոնե այնտեղ գտնվող շատ մարդիկ ուղղակի պետք է չխոսեն, և ես որևէ կերպ ինձ թույլ չեմ տա անդրադառնալ հենց այդ ասվածին, որովհետև բարոյականության մասին խոսում են մարդիկ, որոնք տարիներ շարունակ, մեծ հաշվով, լեգիտիմացրել են մի իշխանության, որը ուղղակիորեն անբարո, և որևէ կերպ իրավական և ժողովրդավար տրամաբանության մեջ չի գործել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․