Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը Ցխինվալիին կոչ է արել անհապաղ ազատ արձակել վրացի բժշկին

ԱՄՆ դեսպանը Վրաստանում, արխիվ

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը Հարավային Օսիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել անցած շաբաթավերջին ձերբակալված վրացի բժիշկ, Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ Վաժա Գափրինդաշվիլիին:

Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել է սահմանը խախտելու մեղադրանքով, ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու համար: Պաշտոնական Թբիլիսին Հարավային Օսիայի հետ սահմանը չի ճանաչում և անօրինական է համարում սահմանը խախտելու մեղադրանքները:

ԱՄՆ-ի դեսպանությունը իր հայտարարությունում ևս մեկ անգամ վերահաստատել է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում ու նաև Ռուսաստանին կոչ է արել իրականացնել 2008 թվականի հրադադարի համաձայնության բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ զորքերը հետ քաշել մինչ հակամարտության նախնական դիրքերը: