Մոլդովայի խորհրդարանը հաստատեց նոր վարչապետին

Մոլդովայի նոր վարչապետ Յոն Կիկու, արխիվ

Մոլդովայի խորհրդարանը հաստատեց ֆինանսների նախարար Յոն Կիկուի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Կիկուն համարվում է երկրի ռուսամետ նախագահի մերձավորներից:

Նախորդ կառավարությունը՝ Մայա Սանդուի գլխավորած արևմտամետ կաբինետը, որը խոստանում էր պայքարել կոռուպցիայի դեմ, հինգ ամսվա պաշտոնավարումից հետո խորհրդարանի կողմից պաշտոնանկ է արվել, ինչով խորացել է երկրում ներքաղաքական ճգնաժամը:

Անվստահության քվեն նախաձեռնել է Մոլդովայի սոցիալիստական կուսակցությունը, որին անդամակցում էր երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը: Սոցիալիստներին այդ հարցում աջակցել են Դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Քաղաքական այդ ուժը փաստացի առաջնորդում է մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը, ով երկիրը լքել էր ամիսներ առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Սանդուի կաբինետի անվստահության քվեի պաշտոնական պատճառը դժգոհությունն է կառավարության գործունեությունից: