Երիտասարդները կրթության ոլորտում առկա փոփոխությունների մասին

Երիտասարդության համաշխարհային օրվան ընդառաջ երիտասարդներն «Ազատության» հետ կիսվում են իրենց սպասելիքներով, գնահատականներով ու կարծիքներով՝ թավշյա հեղափոխությունից հետո իրենց կյանքում՝ հատկապես կրթության ոլորտում եղած փոփոխությունների մասին։

Կրթական ոլորտում, հատկապես բուհերում բարեփոխումներ պահանջող «Ռեստարտ» նախաձեռնության անդամները, որոնք մեկուկես տարի առաջ թավշյա հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից էին կարծում են՝ անցյալ տարվա իրադարձություններն իրենց հետ կրթական համակարգը բարելավելու մեծ ներուժ էին բերել, որը սակայն ամբողջությամբ չկիրառվեց:

«Անկեղծ ասած չեն երևում էն բոլոր նախադրյալները, որ էն ռեֆորմները, որոնց կարիքը ունեն համալսարանները իրականցվում են կամ երևում են էդ քայլերը, որ կիրականացվեն», - ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Սիմոնյանը:

Սիմոնյանը հիշեցնում է որոշ համալսարաններում փոխվեցին ղեկավար կազմերը, սակայն «մեծ մասշտաբով դա էն ընդհանուր փոփոխությունները չէր, որոնք ակնկալում էր երիտասարդությունը»:

«Ռեստարտ»-ի անդամն ասում է՝ մեծ փոփոխությունների հույս ունի, բայց դեռ այդ մասով միայն կոսմետիկ աշխատանքներ է նկատել․ «Էդ մարդկանց նշանակել են, ոնց որ ոչ թե ինչ-որ փոփոխություն իրականացնելու, այլ, որ գիտեք ինչ կա, էն կոռումպացված, կաշառված մարդիկ փոխվել են, հիմա մարդիկ են, ովքեր տենց լավ են իրենց համբավով, բայց ինչ-որ փոփոխություն չեն անում»:

«Ազատության» հարցմանը մասնակցած մի երիտասարդ էլ, ընդհակառակը՝ փոփոխություններ նկատել է ու գոհ է, մեկն էլ համաձայն է՝ կան փոփոխություններ, բայց ոչ դրական:

Teach for Armenia ծրագրի շրջանակում Լոռու մարզի Միխայիլովկա գյուղում ուսուցիչ աշխատած մեկ այլ երիտասարդի, Արամ Մկրտիչյանի գնահատմամբ էլ երիտասարդներն իրենց հաջողությունները կամ անհաջողությունները քաղաքական փոփոխությունների հետ չպետք է կապեն, իսկ ընդհանուր՝ գիտակցական փոփոխության համար էլ, ըստ Արամի, դեռ վաղ է, մեկուկես տարին բավարար չէ:

«Գիտակցականում փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է կրթվել, ինքնակրթվել, ամեն մի ոլորտում, որտեղ որ մասնագետը ուզում է կայանալ, այդ ոլորտում անընդհատ խորանալ, ուսումնասիրել», - ասաց Մկրտիչյանը:

Հայաստանի երիտասարդության ամենամեծ ու հիմնական խնդիրն, ըստ Արամի, ոչ մրցունակ կրթությունն է․ «Մեծամասնությունը ստանում է կրթություն, բայց այդ կրթությունը մրցունակ կրթություն չի, էդ կրթությունը 21-րդ դարի մարտահրավերները դիմակայելու համար չի»: