Պուտինն առաջարկում է Wikipedia-ն փոխարինել Ռուսական մեծ հանրագիտարանի էլեկտրոնային ձևաչափով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնում են Ռուսական մեծ հանրագիտարանի հրատարակությունը, դեկտեմբեր, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, թե Wikipedia-ն կարելի է փոխարինել նոր Ռուսական մեծ հանրագիտարանի էլեկտրոնային ձևաչափով: Նրա կարծիքով՝ ռուսական նոր հանրագիտարանը պարունակում է ավելի վստահելի տեղեկատվություն, քան Wikipedia-ն:

«Սա, ամեն դեպքում, կլինի վստահելի տեղեկություն՝ լավ, ժամանակակից ձևաչափով», - ասել է Պուտինը երեկ երեկոյան Կրեմլում տեղի ունեցած Ռուսաց լեզվի խորհրդի նիստի ժամանակ:

Դեռևս 2016 թվականին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստեղծել էր աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստի ռուսական հանրագիտարանի էլեկտրոնային հարթակը: Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ գրեթե 2 միլիարդ ռուբլի կհատկացվի էլեկտրոնային հանրագիտարան ստեղծելու համար, և դրա վրա աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականին:

Wikipedia.ru-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, ասել է, թե այնքան էլ հստակ չէ, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի իշխանությունները: «Ի՞նչ ասել է փոխարինել, ինչ է, Wikipedia-ն պետք է արգելե՞ն Ռուսաստանի տարածքում: Եթե այդպես է, դա շատ ցավալի է», - Gazeta.ru-ին ասել է Կոզլովսկին՝ հավելելով, թե հույս ունի, որ Ռուսաստանի նախագահը դա չի ի նկատի ունեցել:

Կոզլովսկու խոսքով՝ Wikipedia-ի ռուսերեն հոդվածների ծավալը շուրջ 20 անգամ ավելին է, քան Ռուսական մեծ հանրագիտարանի հոդվածների ծավալը: Wikipedia-ում ռուսերեն լեզվով հոդվածների քանակը կազմում է 1,6 միլիոն, իսկ Ռուսական մեծ հանրագիտարանն ունի 80 հազար հոդված, նշել է նա:

Հիշեցնենք, Wikipedia Foundation ամերիկյան կազմակերպությունը Wikipedia-ն ստեղծել է 2001 թվականին: