Թրամփը հրաժարվել է «Մեծ յոթնյակի» հավաքն իր գոլֆի կենտրոնում հյուրընկալելու գաղափարից

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին, Վաշինգթոն, 17 հոկտեմբերի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրաժարվում է «Մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովը Մայամիում իր գոլֆի համալիրում կազմակերպելու գաղափարից:

Թրամփն այդ մասին հայտնել է այն բանից հետո, երբ դեմոկրատները նրան քննադատել են գագաթնաժողովը կազմակերպելու նախաձեռնության համար, ասելով, թե այդպես Թրամփը ցանկանում է իր նախագահությունից օգուտ քաղել:

«Հաշվի առնելով մամուլի հաղորդագրությունները և դեմոկրատների անբացատրելի թշնամանքը մենք այլևս չենք ցանկանում «Մեծ յոթնյակի» 2020 թվականի գագաթնաժողովը կազմակերպել Մայամիում Դորալ ավանի Թրամփի կենտրոնում», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին ասել է, որ գագաթնաժողովի վայր կարող է դառնալ Մերիլենդի նահանգում Քեմփ-Դեյվիդի նախագահական համալիրը:

«Մենք համոզված ենք, որ Մայամիում գոլֆի կենտրոնը հրաշալի տեղ է, բայց ոմանց զայրացնում է այն փաստը, որ դա Թրամփի սեփականությունն է: Սակայն մենք միևնույն է կգնանք այնտեղ», - հավելել է Մալվենին: