Գիշերը Ազատության պողոտայում ոստիկան է սպանվել. հարուցվել է քրեական գործ, երկու անձ բերման է ենթարկվել

Քննիչներն աշխատում են դեպքի վայրում, լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»՝ 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Հակոբյանի գլխին և կրակել Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զենք հափշտակելը կամ շորթելը», 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ», և 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն»: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքում գրեց․ - «Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։