ԱԺ նախագահն այցելում է Նիդերլանդներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի և Նիդերլանդների Սենատի նախագահի հանդիպումը

Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում այսօր Հաագայում Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել երկրի Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ժամանակահատվածում երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը:

Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-նիդերլանդական օրակարգի առաջխաղացման վերաբերյալ:

Ավելի ուշ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զարգացման համագործակցության հանձնաժողովի հետ:

Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մարդու իրավունքներին և միգրացիային առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին և Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հնարավոր աջակցությանը: