Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին անակնկալ կերպով չեղարկել է այցը Բելառուս, որտեղ հոկտեմբերի 4-5-ը պետք է մասնակցեր ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովին: Համաժողովը նույնպես հետաձգվել է՝ որպես միակ պատճառ նշվում են տարբեր մասնակիցների օրակարգի փոփոխությունները:
Ավելի վաղ Բելառուս այցը չեղարկել են նաև Լիտվայի, Լեհաստանի արտգործնախարարները:
Հոկտեմբերի 4-ին Մինսկում Մոգերինին պետք է հանդիպում ունենար Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի, իսկ հոկտեմբերի 5-ին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ակնկալվում էր նաև, որ Մինսկում ստորագրվելու էր Բելառուսի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Փաստաթղթի համաձայն՝ Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ Բելառուսի քաղաքացիների համար կնվազեցվի Շենգենյան գոտու վիզայի գինը մինչև 35 եվրո, բացի այդ՝ վիզայի տրամադրման առավելագույն ժամկետ կսահմանվի մինչև 10 օր: