ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող ամենաբարձր վարկանիշն ունեցող թեկնածուներից Բերնի Սանդերսը սրտի վիրահատություն է տարել:
78-ամյա դեմոկրատ թեկնածուի ինքնազգացողությունը վատացել է հոկտեմբերի 1-ին Նևադայում նախընտրական հանդիպման ժամանակ, ինչից հետո նա անմիջապես հոսպիտալացվել է և վիրահատության ենթարկվել:
Թվիթերյան իր էջում քաղաքական գործիչը տեղեկացրել է, որ արդեն լավ է զգում, և բուժանձնակազմն օգնում է իրեն արագ ապաքինվել:
Առայժմ չի հաղորդվում, թե որքան ժամանակ հետո Սանդերսը կվերադառնա նախընտրական քարոզարշավին, և հայտնի չէ նաև, թե արդյոք նա կմասնակցի Դեմոկրատական կուսակցության թեկնածուների հեռուստաբանավեճին, որը նախատեսված է հոկտեմբերի 15-ին:
Ձախակողմյան հայացքներով հայտնի սենատորը 2016 թվականին նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար, սակայն Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ժամանակ պարտվել էր Հիլարի Քլինթոնին: Նա համարվում է դեմոկրատական ճամբարի ամենաբարձր վարկանիշն ունեցող թեկնածուներից: