Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտվել Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Սևանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնին։
Ըստ Վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը ողջունել է փառատոնի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Սևանի լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանն ու խթանմանը:
«Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է: Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և նրա շուրջ», - նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարությունն ու Սևանա լճի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սևանի զարգացման մասին:
«Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան: Դրանք պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև, այլ անենք դա համագործակցության ոգով»,- ասել է վարչապետը:
Խոսելով Սևանա լճի մասին՝ կառավարության ղեկավարը փաստել է, որ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 900 մլն խմ-ով: