Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանը թողնում է պաշտոնը: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին հասցեագրված հրաժարականի նամակում փորձառու դիվանագետը շնորհակալություն է հայտնել ռուս-ամերիկյան հարաբերություններում պատմական բարդ ժամանակահատվածում Ռուսաստանում Միացյալ Նահանգների պաշտոնը իրեն վստահելու համար:

Հանրապետական կուսակցության առաջատար գործիչներից Ջոն Հանթսմանի հրաժարականը անակնկալ չէ, վերջին շաբաթներին մամուլում այդ մասին պարբերաբար լուրեր էին շրջանառվում, իսկ անցյալ շաբաթ էլ նախագահ Դոնալդ Թրամփը հարցը քննարկել է ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Ռուսաստանում Հանթսմանի՝ մոտ երկու տարվա գործունեության ընթացքում Վաշինգտոնը Մոսկվայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել՝ այդ թվում 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու, Մեծ Բրիտանիայում Սկրիպալների թունավորման համար:

Դեսպանը միևնույն ժամանակ նաև կոշտ քննադատության է ենթարկվել 2018 թվականին Սանկտ—Պետերբուրգի ամենամյա տնտեսական ֆորումին մասնակցելու համար:

Այս տարվա ֆորումին, սակայն, նա հրաժարվել է մասնակցել, քանի որ այդ ժամանակահատվածում Ռուսաստանում ձերբակալվել էր ամերիկացի խոշոր ներդրող Մայքլ Քելվին:

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը ստանձնելուց ի վեր Հանթսմանը բազմիցս Մոսկվային մեղադրել իր երկրի ընտրություններին միջամտելու մեջ` պնդելով «դրանում կասկած չկա», իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման գլխավոր նախապայման էր համարում ուկրաինական ճգնաժամի կարգավորումը:

«Ուկրաինան ծայրահեղ կարևոր է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, այստեղ է թաքնված պատժամիջոցները վերանայելու բանալին», - իր հարցազրույցներից մեկում ասել էր ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ մանրամասնելով․ - «Մենք այստեղ էական առաջընթաց չենք տեսնում, մինչդեռ սա այն խնդիրն է, որը կարող էր նոր թափ հաղորդել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին, համենայնդեպս՝ Նահանգներում այն այդպես է ընկալվում»:

Ամերիկյան մամուլի տվյալներով Ջոն Հանթսմանը մտադիր է վերադառնալ հայրենի Յութա՝ մասնակցելու նահանգապետի սպասվող ընտրություններին: Տարիներ առաջ նա արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը:

59-ամյա Ջոն Հանթսմանը Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորել է 2017 թվականին: Սա նրա երրորդ դիվանագիտական պաշտոնն է՝ Ջորջ Բուշի նախագահության օրոք նա եղել է Սինգապուրում, իսկ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին՝ Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանը:

Ռուսաստանից հեռացող դեսպանը ամերիկյան իշխող վարչակազմի թերևս ամենաերկարակյաց պաշտոնյաներից է` նա պետական ծառայության է անցել դեռևս Ռոնալդ Ռեյգանի պաշտոնավարման օրոք:

Հանթսմանները ԱՄՆ-ի ամենահարուստ գերդաստաններից մեկն են, նրանց է պատկանում «Հանթսման քորփորեյշն» ընկերությունը, որը բարեգործական խոշոր նախագծեր են իրականացրել նաև Հայաստանում՝ երկրաշարժից տուժած շրջաններում կյանքի կոչելով մոտ 18 միլիոն դոլարի օգնության ծրագրեր: Հանթսմանների ընտանիքի միջոցներով Գյումրիում բնակելի շենքեր և հանրակրթական դպրոց է կառուցվել: