ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն Արցախում այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամաս և առաջնագիծ

Լուսանկարը՝ Արցախի ՊՆ մամուլի ծառայության

Աշխատանքային այցով Արցախի Պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, երեկ այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Դավթյանը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Դավթյանն ու գեներալ-մայոր Աբրահամյանը հետևել են նաև հրետանային զորամասերից մեկի հետ անցկացվող զորախաղերի ընթացքին ու քննարկել ռազմական համագործակցության և գործողությունների համադրման հետագա անելիքները: