Միջերկրականում տասնյակ միգրանտներ են խորտակվել

Միջերկրականում Լիբիայի ափին մոտ մեծ թվով միգրանտներ են խորատկվել, Տրիպոլի, 26 հուլիսի, 2019թ.

Լիբիայում հայտնաբերել են Միջերկրականում խորտակված 20 միգրանտների դիակներ: Դրանք ալիքները ափ են հասցրել:

Եվրոպա հասնելու նպատակով անցած շաբաթ Միջերկրական դուրս եկած հարյուրավոր միգրանտների գերբեռնված փոքրիկ նավակը խորտակվել է: Միգրանտների մեծ մասը՝ Աֆրիկայի ենթասահարյան շրջանից էին:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը տեղի ունեցածը «միջերկրական ողբերգություն» է անվանել:

Զոհերի թիվը հասել է 75-ի: Լիբիայի առափնյա պարեկային նավերը փրկել են 134 միգրանտների:

«Այսօր 20 դիակ ենք հայտնաբերել, ավելի վաղ գտել ենք 8 դիակ, հիմա որոնումները շարունակում ենք»,- ասել է Լիբիայի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչ Աբդուլմենեմ Աբու Սոբեին:

Մուամար Քադդաֆիի ռեժիմի տապալումից հետո Լիբիայի արևմտյան ափը դարձել է շրջան, որտեղից հազարավոր մարդիկ ապաստան ստանալու համար փորձում են խարխուլ նավակներով հասնել Եվրոպա: