Շոտլանդիայում «ծայրահեղ վտանգավոր» են գնահատում Բրեքզիթի շուրջ Բորիս Ջոնսոնի պահվածքը

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջըն

Երկրորդ օրն է՝ Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը բանակցությունների է գնում սուլոցների ու կառավարության քաղաքականությունը քննադատող կարգախոսների ներքո: Երեկ Շոտլանդիայում, այսօր էլ Ուելսում Բրեքզիթից դժգոհ քաղաքացիները նրան բողոքի ցույցերով են դիմավորում:

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջընն, իր հերթին, Ջոնսոնի հետ բանակցություններից հետո երեկ հրապարակավ հայտարարել էր՝ Լոնդոնը ծայրաստիճան վտանգավոր ճանապարհ է ընտրել, և ամենայն հավանականությամբ Եվրամիությունից դուրս կգա առանց որևէ համաձայնության:

«Ներկայիս կառավարությունը թոզ է փչում և չի բացահայտում իր իրական մտադրությունները, սակայն ես կարծում եմ, որ դրանք վտանգավոր են: Հստակ է, որ ներկայիս կաբինետն ու դրա ղեկավարը գնում են մի ճանապարհով, որը կհանգեցնի կոշտ Բրեքզիթի: Այս դիրքորոշումը փոխզիջումներ չի ենթադրում, և չի նպաստի որևէ նոր գործարքի Եվրամիության հետ: Դա ուղղակի աղետ կլինի Շոտլանդիայի և ողջ Միացյալ Թագավորության համար», - հայտարարել է Շոտլանդիայի կառավարության ղեկավարը:

Այս պայմաններում Էդինբուրգին այլ բան չի մնում, քան երկրորդ հանրաքվեն անցկացնել Միացյալ Թագավորությունից անկախանալու հարցով, հայտարարում է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջընը: Նա փաստում է՝ 2016-ին շոտլանդացիների ավելի քան 60 տոկոսը դեմ էր քվեարկել Եվրամիությունից դուրս գալու առաջարկին, սակայն Լոնդոնը մինչ օրս որևէ կերպ հաշվի չի առել այս տեսակետը:

«Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ զրույցում ես ևս մեկ անգամ ընդգծեցի՝ Շոտլանդիայի խորհրդարանը արձակուրդից վերադառնալուց հետո շարունակելու է քննարկումները անկախության հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու օրենքի շուրջ: Ես շատ հստակ ասացի Բորիս Ջոնսոնին՝ հիմա Շոտլանդիայի ժողովուրդն է, որ պետք է որոշի՝ ուզո՞ւմ է դառնալ անկախ երկիր, թե՝ ոչ», - ասել է Շոտլանդիայի կառավարության ղեկավարը:

Էլ ավելի բարդ բանակցություններ են սպասվում Հյուսիսային Իռլանդիայում, որը Միացյալ Թագավորության միակ տարածաշրջանն է, որ անմիջական սահման ունի Եվրամիության հետ և լուրջ անհանգստություն, որ ապահարզանից հետո այդտեղ կարող են փշալարեր ու մաքսակետեր տեղադրվել: Մտահոգությունները փարատելու համար այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել իռլանդացի գործընկերոջ հետ, և հավաստիացրել, որ Բրեքզիթից հետո Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի սահմանին ստուգման հավելյալ մեխանիզմներ չեն կիրառվելու: Ավելին, Ջոնսոնը վստահեցրել է, որ ամեն ինչ կանի Եվրամիության հետ բանակցությունները շարունակելու և ապահարզանի հստակ պայմաններ որոշելու շուրջ:

Ներդրողներն ու գործարարները, սակայն, Ջոնսոնի այս հավաստիացումներին կարծես այնքան էլ չեն վստահում․ այսօր առավոտյան բրիտանական սթերլինգը էլ ավելի է արժեզրկվել՝ հասնելով վերջին երկուսուկես տարվա մեջ ամենացածր ցուցանիշին: Մասնագետները փաստում են՝ եթե Ջոնսոնի կաբինետը արդյունավետ քայլեր չձեռնարկի, Բրիտանիայի տնտեսական դաշտում առաջիկա ամիսներին կարող է քաոսային իրավիճակ ստեղծվել:

Հստակ է՝ Միացյալ Թագավորությունը հոկտեմբերի 31-ին դուրս է գալու տնտեսական դաշինքից, որը երաշխավորում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների ու կապիտալի ազատ տեղաշարժը մոտ կես միլիարդ բնակչություն ունեցող, ֆինանսապես ապահովված ու տնտեսապես զարգացող շուկայում: Մինչ օրս, սակայն, հստակ չէ՝ կողմերն ի՞նչ պայմաններով են բաժանվում, ինչպե՞ս են կիսելու համատեղ ունեցվածքը, և որ թերևս ամենակարևորն է՝ ի՞նչ հարաբերություններ են ունենալու ապահարզանից հետո: