«Կոմերսանտ»․ ՌԴ ԱԳ փոխնախարարի պաշտոնում Կարասինին փոխարինելու է Վոլինկինը

Իվան Վոլինկինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում, Երևան, մայիս, 2016թ․

«Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ առաջիկայում երկրի արտգործնախարարի տեղակալի պաշտոնում Գրիգորի Կարասինին կփոխարինի Իվան Վոլինկինը՝ 2013-2018 թվականներին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

Կարասինը, ըստ ռուսաստանյան առաջատար պարբերականի, իր թեկնածությունն է առաջադրելու Դաշնային խորհրդում՝ Սախալինի մարզից: Ռուսաստանյան օրենսդրության համաձայն՝ նա չի կարող շարունակել պետական ծառայությունը 70 տարեկանից հետո․ դիվանագետն իր հոբելյանը կտոնի շուտով:

Գրիգորի Կարասինը, հիշեցնենք, ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունում պատասխանատու է ուկրաինական, ղարաբաղյան, մերձդնեստրյան հակամարտությունների, ինչպես նաև Բելառուսի հետ պարբերաբար ծագող առևտրային վեճերի գծով ու հաճախ այդ ուղղություններով որոշումներն ընդունողն է: Կարասինը նաև Մոսկվայի հատուկ բանագնացն է Վրաստանի հետ շփումներում, որը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008 թվականի հնգօրյա պատերազմի պատճառով:

Վերջին շրջանում երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները մեկնաբանելով՝ Կարասինն ասել էր, որ Մոսկվան պայքարելու է Թբիլիսիի հետ ակտիվ հարաբերությունների համար: «Մեր երկու ժողովուրդները բավարար համբերություն և առողջ բանականություն ունեն կառուցողական մոտեցումներն առաջ մղելու համար», - նշել է ռուսաստանցի դիվանագետը:

Թե որքանով կհաջողվի նրան փոխարինող Վոլինկինին շարունակել այդ լավատեսական մոտեցումները Թբիլիսիի հետ հարաբերությունների հարցում մասնավորապես, դժվար է ասել: 60-ամյա դիվանագետը, ով ներկայումս ռուսաստանյան արտգործնախարարության խորհրդատվական գերատեսչության ղեկավարն է, Վրաստանի համար թերևս ամենաանընդունելի ռուսաստանցի պաշտոնյաներից է: Դեռևս 2007 թվականին Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմը նրան մեղադրել էր լրտեսության մեջ և վտարել երկրից: Թբիլիսին պնդում էր, որ Ռուսաստանը Վոլինկինի և ևս երկու այլ դիվանագետների միջոցով փորձում էր Վրաստանում հեղաշրջում նախապատրաստել:

Հայաստանում նույնպես հինգ տարի Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը գլխավորած Վոլինկի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Դեսպանը իր պաշտոնավարման տարիներին հաճախ է հանդես եկել աղմկահարույց հայտարարություններով, միշտ խուսափել է պատասխանել հարցին, թե ինչպես է Ռուսաստանը, մի կողմից, շարունակում հարձակողական սպառազինության լայնածավալ մատակարարումներն Ադրբեջան, որը Բաքուն օգտագործել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, մյուս կողմից քննադատում Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինային սպառազինություն վաճառելու համար:

Փոխարենը, ռուսաստանցի դեսպանը չէր զլանում մեկնաբանել հայաստանյան ներքաղաքական զարգացումները: Մոսկվայում լույս տեսնող հայկական “Ноев Ковчег” ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը շեշտել էր, թե որևէ կասկած չկա, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի տեղեկատվական դաշտում ավելի ակտիվորեն հայտարարի իր ներկայության մասին: Դիվանագետը հարցազրույցում վկայակոչել էր իր հայրենիքում գործող օրենքը, որով «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և ֆինանսավորվում են դրսից: Նա նաև հավելել էր, թե անհրաժեշտ է չեզոքացնել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:

Դեսպանի աղմկահարույց այդ հայտարարությունները Հայաստանում բողոքի մեծ ալիք բարձրացրեցին, քաղաքական և քաղաքացիական հասարակության շրջանակներում Վոլինկինի խոսքերը որակեցին որպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ: