Արդարադատության նախարարը Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) այն վավերացրած կառավարություններին հորդորում է մշակել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի համապարփակ միջոցառումներ։ Կոնվենցիայի դրույթներն ուղղված են բռնությունը կանխարգելելուն, բռնության զոհերին օգնելուն և երաշխավորելուն, որ մեղավորները կկանգնեն արդարադատության առաջ։ Դա ենթադրում է կանանց նկատմամբ բռնության տարբեր ձևերի, ինչպես՝ ընտանեկան բռնության, հալածանքի, սեռական ոտնձգության և հոգեբանական բռնության քրեականացում և դրա համար օրինական պատժամիջոցների կիրառում։