Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտրական տեղամասում, Կիև, 21 հուլիսի, 2019թ.

Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք համարվում են կարևոր քննություն նախագահ Վլադիմիր Զելենսկու համար:

Տարիներ տևող տնտեսական ճգնաժամի, սոցիալական վիճակի վատթարացման և արևելյան շրջանում ռուս անջատականների հետ արյունալի հակամարտության պայմաններում ընտրողները նախագահ են ընտրել քաղաքական փորձ չունեցող շոումեն Զելոնսկուն և հուսով են, որ նրա թիմը կկարողանա կարգավորել այդ բարդ խնդիրները:

Նորընտիր նախագահի քաղաքական հենարանը «Ժողովրդի ծառա» նորաստեղծ կուսակցությունն է, որը ցանկանում է մեծամասնություն ապահովել Գերագույն ռադայում:

Կուսակցության հաղթանակը Զելենսկուն կընձեռի արագ բարեփոխումներ անցկացնելու օրենսդրական մանդատ:

Այսօր Կիևում արդեն քվեարկել են Զելենսկին, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերագույն ռադայի խոսնակ Անդրիյ Պարուբիյը և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Զելենսկին քվեարկելուց հետո համոզմունք է հայտնել, որ նոր կառավարության ղեկավարը պետք է լինի հմուտ տնտեսագետ:

Հուլիսի 7-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն, հանրության 67 տոկոսը վստահում է Զելենսկուն:

Ուկրաինայում ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին և կփակվեն երեկոյան ժամը 8-ին:

Ենթադրվում է, որ քվեարկության ավարտից հետո հայտնի կդառնան էքզիթ-փոլի նախնական արդյունքները:

Քվեարկության առաջին պաշտոնական արդյուքները կհրապարակվեն հուլիսի 22-ին։