Ադրբեջանը չի միացել Կրոնի ազատության նախարարական համաժողովի հայտարարությանը

Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլի, արխիվ

Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը հրաժարվել է ստորագրել Վաշինգտոնում տեղի ունեցած «Կրոնի ազատության նախարարական համաժողովի» եզրափակիչ հայտարարությունը, հայտնում է «Թուրան» գործակալության թղթակիցը:

ԱՄՆ Պետքարտուղարությունում անցկացված եռօրյա նախարարական հանդիպումների ժամանակ ելույթներ են ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Փոմփեոն, 106 երկրներից ակտիվիստներ և կրոնական գործիչներ:

Կրոնի հարցերով աշխարհի խոշորագույն այդ համաժողովում Հայաստանը ներկայացրել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանը՝ երկրի Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին:

Աղբյուրի համաձայն՝ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել մասնավորապես աստվածանարգության և ուրացողության վերաբերյալ օրենսդրության հետ կապված հայտարարությունը: Հայաստանը և Վրաստանը միացել են դրան:

Կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցներում ամերիկյան Պետքարտուղարությունը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին հավատացյալների ազատությունները սահմանափակելու համար: