Գյանջայի բախումների գործով ամբաստանյալների ծնողները այսօր բողոքի ակցիա են անցկացրել իրենց որդիների նկատմամբ արդարադատությունը վերականգնելու պահանջով: Նրանք պնդում են, որ իրենց զավակները մեղավոր չեն, իսկ նրանց առաջադրված ծանր մեղադրանքները՝ շինծու, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, բողոքի գործողությունների մասնակից կանանցից շատերը բերման են ենթարկվել և մի առ ժամանակ անց ազատ արձակվել:
Ուղիղ մեկ տարի առաջ Գյանջայում անկարգություններ տեղի ունեցան, երկու ոստիկան սպանվեց, որին հաջորդեցին զանգվածային ձերբակալություններ հավատացյալների շրջանում:
Վեց մարդ սպանվեց զինված դիմադրություն ցուցաբերելու հետևանքով, շուրջ 60 հոգի քրեական պատասխանատվության ենթարկվեց, որոնցից 14-ը դատապարտվեցին երկարամյա ազատազրկման:
Անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ տեղացիներից մեկը զինված հարձակում իրականացրեց Գյանջայի քաղաքապետի դեմ: Քաղաքապետի աշխատանքից դժգոհ բնակիչները հուլիսի 10-ին հավաքվել էին հրապարակում՝ պահանջելով նրա հրաժարականը: