Վրաստանի իշխանությունները դադարեցրել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քննիչ Եվգենիա Շիշկինայի սպանությանն առնչություն ունենալու մեջ կասկածվող Յարոսլավ Սումբաևի արտահանձնման գործընթացը: Այդ մասին այսօր գրել է մոսկովյան «Կոմերսանտ»-ը՝ տեղեկացնելով, որ պաշտոնական Թբիլիսին այս քայլին է դիմել Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Սումբաևն առնչություն է ունեցել հաքերային հարձակումների միջոցով երկաթուղային տոմսերի վաճառքի անօրինական սխեմայի ստեղծմանը:
Ըստ ռուսաստանցի իրավապահների, ՆԳՆ քննիչ Շիշկինան սպանվել էր տոմսերի վաճառքի շուրջ խարդախությունը բացահայտելու համար: Սումբաևը ձերբակալվել էր 2018 թվականի նոյեմբերին` Ինտերպոլի պահանջով: Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր հաքերին Ռուսաստան արտահանձնելու պահանջը: Սումբաևի պաշտպանները, սակայն, բողոքարկել են այդ որոշումը Վրաստանի Գերագույն դատարանում: