«Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս», - Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Ներկաներից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել է նախագահից, թե արդյո՞ք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են իրեն, Արմեն Սարգսյանը պատասխանել է. - «Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Անկախ նրանից՝ ինչքան իրավասություն ունես, եթե լավ ես անում՝ լավ է, եթե վատ ես անում՝ վատ է։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ։ Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս»։
Նախագահն ընդգծել է՝ նույն Սահմանադրության սահմաններում աշխատելով՝ բավականին բան կարող ես անել։
«Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին։ Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ երկիրը բարգավաճ լինի, երեխաներն ուրախ լինեն, ես էլ իմ փոքր ներդրումն ունենամ իմ հնարավորությունների սահմանում», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի ապագայի մասին հարցին ի պատասխան՝ նախագահը վստահեցրել է. - «Մեր երկիրը փայլուն ապագա ունի։ Նայեք այս երեխաներին, և ամեն ինչ պարզ կլինի։ Մեր պարտականությունն է նրանց համար հնարավորություններ ստեղծել»։